Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Սահմանադրության փոփոխության հանրաքվեն որպես ժողովրդական դատավճիռ` արտաքին և ներքին թշնամիների դեմ

Սահմանադրության փոփոխության հանրաքվեն որպես ժողովրդական դատավճիռ` արտաքին և ներքին թշնամիների դեմ
23.08.2025 | 11:29

Այսօր Հայաստանին սպառնացող ամենամեծ վտանգը ոչ միայն արտաքին թշնամին է, այլև այն իշխանությունը, որը քայլ առ քայլ գործում է թշնամու պահանջներով։

Նիկոլ Փաշինյանը Սահմանադրության փոփոխությունը ներկայացնում է որպես «խաղաղության» նախապայման։ Նա մեզ փորձում է համոզել, թե Սահմանադրությունն է խանգարում խաղաղությանը, բայց իրականությունն այն է, որ այն խանգարում է Նիկոլ Փաշինյանի ձեռքով գործող թշնամուն, քանի որ Սահմանադրության պրեամբուլայում ամրագրված են Հայոց ազգային իղձերն ու նպատակները՝ հայ ինքնության պահպանությունը, այն է.

«Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»։

Պրեամբուլան իրավական առումով առանձնահատուկ կարևորություն ունի, քանի որ Սահմանադրությունը կապում է 1990 թ․ օգոստոսի 23-ի Անկախության հռչակագրի հետ, այսինքն՝ հռչակագրում ամրագրված ազգային նպատակները բարձրացնում է սահմանադրաիրավական մակարդակի։

Սակայն այս իշխանությունը հենց այդ կապն է ցանկանում կտրել։ Նրանք ձգտում են վերացնել Պրեամբուլան՝ այդպիսով ջնջելով նաև Հռչակագրի հետ դրա իրավական ու գաղափարական շարունակականությունը։ Սա ոչ միայն ազգային հիշողությանն ուղղված հարված է, այլև պետականության հիմքերի ոչնչացում։

Այս քայլով իշխանությունը փորձում է միաժամանակ լեգիտիմացնել 2018-ից մինչ օրս կատարված անօրինականությունները, թշնմահաճո գործընթացները, պետականակործան քաղաքական որոշումները, ռազմական հանցագործությունները, ինչպես նաև՝ Արցախի հանձնումը:

Այս իշխանությունը ոչ թե ստեղծում է, այլ իր գոյությամբ միայն ոչնչացնում է պետականության հիմքերը։ Այն խժռում է հավատը, ազգային արժանապատվությունը, ժողովրդի միասնականությունը և միաբան նպատակները, պատմական արդարության հաստատումը։

Սահմանադրության փոփոխության հանրաքվեն, սակայն, կարող է դառնալ ժողովրդի պատասխան քայլը վերջին տարիների պետական հանցագործություններին՝ մերժելու և դատապարտելու իշխանության թշնամանպատակ պատմաքաղաքական ռևիզիոնիզմը։ Այն կարող է վերածվել մերժման գործիքի, որով հայ ժողովուրդը կհրաժարվի ոչ միայն թշնամու թելադրանքով գրված նոր Սահմանադրությունից, այլև կդատապարտի վերջին տարիների պետականակործան քաղաքականությունը։

Հայ ժողովուրդը հստակ պիտի գիտակցի, որ սա պարզապես «օրենքի փոփոխություն» չէ։ Սա մեր պետականության և ազգային արժանապատվության հարցն է՝ Հայկական Հարցի շարունակությունը:

Կամ մենք ասում ենք «Ո՛Չ» Նիկոլ Փաշինյանի կեղծ խաղաղությանը և ասում «ԱՅՈ՛» մեր պատմական նպատակներին և Անկախության Հռչակագրին, կամ հրաժարվում ենք հայկական ինքնությունից։

Հանրաքվեով ՀԱՅԸ պիտի ասի՝

ՈՉ թշնամու թելադրած սահմանադրությանը,

ՈՉ ազգային շահերի ուրացմանը, և

ՈՉ այս իշխանությանը, որը անտիմատերիայի պես ոչնչացնում է ամեն բան:

Այսպիսով, հանրաքվեն պետք է դառնա խթան և լոկոմոտիվ` ազգային նպատակների համար նոր պայքար սկսելու գործում: Հանրաքվեն պետք է վերածվի Հայի հավաքական պայքարի, որտեղ քաղաքացիները վերագտնելու են իրենց ուժը և պատասխանատվությունը՝ պետության ճակատագրի նկատմամբ։

Մեր զավակների և պետության ապագան իրապես փրկելու համար հարկավոր է մերժել թշնամու թելադրած սահմանադրությունը՝ թշնամու կողմից նենգափոխվող պատմության հետ միասին:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 903

Մեկնաբանություններ